Ներկայում Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի շրջանակում երկու հարց է քննարկվում. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հարակից շրջանների կարգավիճակը՝ ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Բանակցային գործընթացում քաղաքագետը մեծ փոփոխություններ չի տեսնում: «Եթե խոսենք համանախագահների մասին, նրանք պնդում են հիմնարար սկզբունքների մասին: Օրերս հրապարակվեց համանախագահների հայտարարությունը, որ ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները միեւնույն չափով հավասար են: Այստեղ նույնպես զգալի փոփոխություններ չենք տեսնում»,- նշեց Մարկեդոնովը՝ հավելելով, որ հակամարտության կողմերի մոտ փոխզիջման բացակայությունն ու բռնության աճը վտանգավոր են:
«Այն, ինչ տեղի ունեցավ Վիեննայում, դիվանագիտական գործընթացը որոշակիորեն հունի մեջ դնելու փորձ էր: Բայց ես չեմ կարող երաշխիքներ տալ, որ առաջիկայում բռնության առումով որեւէ շարժում չի լինի»,- ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը որոշակի փուլում պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, նա հիշեցրեց, որ «մադրիդյան սկզբունքների» թարմացված տարբերակի վերջին կետը հենց այդ մասին է: «Այդ կետը խոսում է Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պարտադիր իրավաբանական հանրաքվեի մասին: Այն ենթադրում է, որ իրենց ճակատագիրն արցախցիները պետք է վճռեն, բայց խնդիրն այն է, որ ոչ Մինսկի խմբի համանախագահները, ոչ նրանց հետեւում կանգնած պետությունները չեն կարող այդ հարցը լուծել առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու»,- նշեց քաղաքագետը:
Իսկ Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, ըստ նրա, առանձին տարածքում հանրաքվե չի անցկացվում: «Այդ պատճառով, ինչ վերաբերում է ղարաբաղյան պատվիրակությանը, չեմ կարծում, որ դա կարվի այստեղ եւ հիմա, քանի որ դա բավական բարդ է: Բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը կարգավորման կարեւորագույն սկզբունք դարձնելու խնդիրն օրակարգում կլինի: Փաստացի, եթե ամփոփենք, երկու հարց է քննարկվում. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ հարակից շրջանների կարգավիճակի հարցերը»,- հայտարարեց Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ վստահությանն ուղղված միջոցները չեն զարգանում, զրոյական են: